Հայ ժողովրդական բանահյուսություն

Բանահյուսությունը ժողովրդական բանավոր ստեղծագործությունների ամբողջություն է՝ ձևավավորվել է մարդկային լեզվի ու մտածողության ծագմանը զուգընթաց:
Բանահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի՝

  1. Արձակ՝ պատմողական (հեքիաթ, առակ,ավանդություն, զրույց հուշապատում)
  2. Չափածո՝ երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր)
  3. Բանաձևություն (առած, հանելուկ,հմայական աղոթք, երդում, անեծք, օրհնանք՝ բարեմաղթություն)
    Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ՝ չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժողովրդական վեպ, վիպական երգեր:
    Բանահյուսական յուրաքանչյուր երկ ծագումով՝ անհատական, բնույթով կոլեկտիվ ստեղծագործություն է՝ տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում է սոցիալական տարբեր խմբերի փոփոխվում թե ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե~ բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն): Այդպես առաջանում են միևնույն երկի մի քանի տարբերակներ:
    Բանահյուսությունը կապված է կյանքի ու կենցաղի հետ և գեղարվեստական նշանակությունից բացի, ունի տարբեր կիրառական գործառնություններ: Ժողովրդական երգեր, աղոթքներ, հմայական ու սովորական այլևայլ բանաձևեր կիրառվել և կիրառվում են կենցաղի ու տոհմաընտանեկան տարբեր ծիսական արարողությունների ժամանակ՝ արտացոլելով այդ արարողությունների իմաստը, մարդկանց ցանկությունները, հավատալիմները ու գաղափարախոսությունները: Կապված լինելով ծիսակենցաղային տարբեր իրադարցությունների հետ՝ բանահյուսական տարբեր ժանրեր դրսևորվում են արվեստի այլևայլ ձևերով (մեղեդի, պար, դիմախաղ,շարժուձև):
    Բանահյուսական երկերն արտացոլում են տարբեր դարաշրջանների պատմակենցաղային ու կրոնահավատալիքային իրողությոններ, դասակարգերի և սոցիալական խմբերի գաղափարներ ու միտումներ, ազգային շրջանների ու միջավայրի առանձնհատկություններ, սովորույթներ: Այդ պատճառով էլ բանահյուսությունը հետազոտում են մշակութապատմական,աշխարհագրական, սոցիոլոգիական, գեղագիտական, գործառնական, հոգեբանական և այլ մոտեցումներով ու չափանիշներով: Հայ բանահյուսության գրառված ժառանգությունը մեր ազգային մշակույթի հարուստ և մեծարժեք բնագավառներից է: Բանահյուսության ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը կոչվում է բանագիտություն:
    Հայկական ժողովրդական բանահյուսության նմուշներ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի և այլ մատենագիրների պատմություններում:
Continue reading “Հայ ժողովրդական բանահյուսություն”